«Փաստ» օրաթերթը գրում է.
Ցիլինդրը համանուն երկրաչափական պատկերի տեսքով գլխարկ է՝ փոքր, երբեմն շրջված, կոշտ եզրով։ Այն հատկապես մեծ տարածում է գտել 19-րդ դարում, որը նաև կոչվում է «ցիլինդրների դար»։
Ժամանակակից ցիլինդր հիշեցնող առաջին գլխարկը հայտնվել է 15-րդ դարում։ Դա կլոր գլխարկ էր, որը հատկապես հայտնի էր Իսպանիայում։ 18-րդ դարի վերջին կլոր գլխարկները սկսեցին կրել անգլիացի պուրիտանները, իսկ հետո՝ միապետության տապալումից հետո իշխանության եկած Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամները։ Դրա հետ կապված՝ Ռուսաստանում Պավել 1–ին ցարն արգելեց նման գլխարկներ կրել՝ ի նշան «հեղափոխական նորաձևության» դեմ բողոքի։ Ժամանակակից ցիլինդր գլխարկը ստեղծվել է լոնդոնցի գլխարկագործ Ջոն Հեթերինգթոնի կողմից 1797 թվականին։ Իր գյուտը գլխին զբոսնելով՝ նա ցնցել էր անցորդներին, ինչի համար էլ տուգանվել էր 500 ֆունտ ստեռլինգով։ Այնուամենայնիվ, այդ զբոսանքը նշանավորել է նոր նորաձևության սկիզբը։ Ցիլինդրը սկսել է ժողովրդականություն ձեռք բերել 1820-ական թվականներին՝ հիմնականում եվրոպական և ամերիկյան երկրներում: Սկզբում այն բացառապես հարուստ տղամարդկանց զգեստապահարանի մի մասն էր, քանի որ պատրաստվում էր ձեռքով և թանկարժեք նյութերից։
Տասնամյակների ընթացքում ցիլինդրը որոշակի փոփոխություններ է կրել, հայտնվել են դրա տարատեսակները։ 1823 թվականին ֆրանսիացի գլխարկագործ Ժիբյուն հայտնագործել է «շապոկլյակ» ցիլինդրը, որը կարելի է ծալել՝ դրա մեջ կարված զսպանակի շնորհիվ: Այդ մեխանիզմը անհրաժեշտ էր, քանի որ անհարմար էր ցիլինդր կրել սենյակում, իսկ մուտքի մոտ գլխարկ թողնելը չէր խրախուսվում: Գլխարկը ծալվում էր և հեշտ պահվում ձեռքում։ Ռուսաստանում «շապոկլ յակը» կոչվել է իր ստեղծողի անունով՝ «Ժիբյուի ցիլինդր»:
«Բոլիվարը» ցիլինդրի տեսակ է, որն ունի ավելի լայն եզր և վերին հատված: Այն հանրաճանաչություն է ձեռք բերել XIX դարի 20-ականների սկզբին և ստացել Ամերիկայում իսպանական գաղութների անկախության համար մղվող պատերազմների ամենաազդեցիկ առաջնորդ Սիմոն Բոլիվարի անունը։ Ինքը՝ Բոլիվարը, կրում էր այլ տեսակի գլխարկներ, սակայն նրա երկրպագուներն ու հետևորդները կրում էին «բոլիվար» ցիլինդրներ։
19-րդ դարի երկրորդ կեսից ցիլինդրը հասանելի է դարձել բնակչության բոլոր խավերին, քանի որ ի հայտ են եկել պլ յուշից, ֆետրից և նույնիսկ յուղաներկած թղթից պատրաստված ավելի էժան մոդելներ։ Կանայք ևս սկսել են ցիլինդր կրել, ամենից հաճախ՝ ձիավարության ժամանակ: Ամերիկայի նախագահ Լինքոլնն էր բարձր ցիլինդրների մեծ երկրպագու: Նա կրում էր դրանք՝ ներսում թաքցնելով արժեքավոր թղթեր։
20-րդ դարի սկզբին անհարմար բարձր ցիլինդրները սկսել են փոխարինվել ավելի գործնական՝ «կոտելոկ» գլխարկներով: Ցիլինդրներ սկսել են ավելի ու ավելի հազվադեպ կրել, հիմնականում պաշտոնական արարողությունների համար։ Այնուամենայնիվ, մինչև 1930-ականների վերջը դրանք դուրս չեն եկել արևմտաեվրոպական քաղաքական գործիչների և բուրժուազիայի ներկայացուցիչների զգեստապահարանից։ ԽՍՀՄ–ում բուրժուազիայի կերպարը երգիծական ներկայացնելու պարտադիր պայմանն էր ցիլինդրը:
Մեր օրերում ցիլինդրներ շատ հազվադեպ են կրում, այն էլ՝ միայն հատուկ առիթներով։ Այն, օրինակ՝ պարտադիր է Անգլիայում մրցավազքերի այցելուների համար: Այդ տեսակի գլխարկներն օգտագործում են աճպարարներն ու նկարիչները, ստիմպանկ ոճի սիրահարները, նորապսակները, ինչպես նաև ցիլինդրներ են կրում պաշտոնական միջոցառումների և երեկույթների ժամանակ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում