Պատրիկ Ֆիորին երազում է երգել Հանրապետության հրապարակում եւ Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2027»-ին

Հեռուստամեկնաբան, լրագրող եւ թարգմանիչ Արտակ Հերիքյանը կիսվել է ուշագրավ ու հուզիչ դրվագներով՝ կապված ֆրանսահայ ճանաչված երգիչ Պատրիկ Ֆիորիի հետ: 


Արտակ Հերիքյանը եւ Պատրիկ Ֆիորին




Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտակ Հերիքյանի հոդվածը

Պատրիկ Ֆիորիի մոռացված տունը՝ Շուշիում, եւ հայկական երկու երազանքը

Թուրքական բանակը քաղաքում է: Հայերին ջարդելով՝ առաջ են գնում թուրքերը Շուշիում: Բոլորին են հասնելու:

Հայերն իրենց տներում աղոթում են: Փրկությա՞ն աղոթք են անում, թե՞ երկրային 
կյանքին հրաժեշտի…  

Քաղաքի ամենավերջին տունը մոռանում են թուրքերը: Այդ տանը Շուշայաններն են աղոթում: «Երեւի մյուսներից ավելի զորավոր»,- ասում է Պատրիկ Շուշայանը՝ ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին: (Պատրիկը դեռ դպրոցական տարիքում է հայկական ազգանունին կցել կորսիկացի մոր «Ֆիորի» ազգանունը, որ ֆրանսիացի ուսուցիչները ընտրության հնարավորություն ունենան. լեզուները կոտրելու  փորձությանը չենթարկեն իրենց՝ «Շուշայան» կանչելիս):

Շուշին 105 տարի առաջ էր:

Պատրիկն իր ընտանիքի այս պատմությունն ուշ է լսել: Հորաքույրներն են մի քիչ բացվել: Հայրը միշտ լռում է: Խոստացել է մահից առաջ Պատրիկին թողնել մի տուփ, որի մեջ եղածը կբացահայտի «Մոռացված տան» ամբողջ ողբերգությունը:

Պատրիկը Շուշին հիշում է իր «Les montagnes d’Arménie»՝ «Հայաստանի սարերը», երգը երգելուց առաջ: Այս երգի երաժշտությունը Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի սաունդթրեքն է, որի համար ինքն է բառեր գրել. 

«Ես իմ ձեւով եմ պատմում պապա
Կցկտուր պատումը քո ուղենիշի
Հողը որ մի օր քո ձեռքից առա
Դառնալու է մի աննման այգի 
Սիրո անուշ պտուղների
Հայաստանի սարերի վրա 
Ուր մանուկներն են խաղում ու պարում
Ուր կանաչի մեջ ծառերն են ծաղկում»:

Պատրիկ Ֆիորին այս երգը երգելուց հետո իր հայկական երկու երազանքի մասին է խոստովանում. համերգ տալ Երեւանի Հանրապետության հրապարակում ու, մի երիտասարդ հայ երգչի հետ զուգերգով, Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2027»-ին:

Լուսանկարները՝ Արտակ Հերիքյանի ֆեյսբուքյան էջից







Leave a Comment