Հրդեհների դեպքում արձագանքն ավելի արագ կլինի. Մեղրաձորում բացվեց հրշեջ–փրկարարական հենակետ. ջոկատում կամավորներ են

Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում այսուհետև կգործի հրշեջ–փրկարարական հենակետ. ջոկատի կամավորներն առաջին օգնության կհասնեն Մեղրաձորի և հարակից հինգ գյուղերի բնակիչներին։
«Մեղրաձորին ամենամոտ փրկարարական կայանը Հրազդանում է գտնվում՝ 16-17 կմ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում մենք ավելի շուտ կարող ենք հասնել դեպքի վայր»,– այսօր՝ մայիսի 4-ին, հենակետի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց կամավոր հրշեջ–փրկարար Արտակ Համբարձումյանը։
Ներքին գործերի փոխնախարար, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, որը նույնպես մասնակցում էր հենակետի բացման պաշտոնական արարողությանը, լրագրողների հետ զրույցում կարևորեց հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը, ինչի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազում են մարդկային կորուստները։
«Հրշեջ-փրկարարական ջոկատների սակավության պատճառով տարածաշրջանում խնդիրներ էին առաջայում։ Բացի այդ, անտառային գոտի է, այդ պատճառով էլ հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատ ստեղծելու անհրաճեշտություն առաջացավ: ՀՀ կառավարության որոշմամբ 12 համայնքում ստեղվել են կամավորական ջոկատներ, սա շարունակական բնույթ է կրելու»,–հավալեց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
«Բնակավայրերը գտնվում են անտառային հրդեհների բարձր ռիսկային գոտում և Հրազդանի մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատից 16-30 կմ հեռավորության վրա և արտակարգ դեպքերի, պատահարների ժամանակ հրշեջ-փրկարարներից տևական ժամանակ է պահանջվում տեղ հասնելու համար, մինչդեռ առաջին արձագանքումը կարևոր է և կարող է կյանքեր փրկել ու վնասները նվազենել»,–իր ելույթում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում:
«Մենք նշում ենք կամավորական հրշեջ-փրկարարական խմբի նոր կենտրոնի բացումը. մի կառույց, որը կծառայի որպես վահան և փարոս այս տարածաշրջանի մարդկանց համար: Այստեղ անտառային հրդեհները մշտական վտանգ են հանդիսանում, այդպիսի իրավիճակների դեպքում կենտրոնի արձագանքն ավելի արագ կլինի, որպեսզի մարդկային կյանքերն ու ապրուստն ավելի լավ պաշտպանվեն»,–իր ելույթում ասաց ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական:
ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի խորհրդատու Արգիշտի Զուրաբյանը նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան կողմից. 77 հազար դոլարին համարժեք դրամ է հատկացվել նախագիծը կյանքի կոչելու համար։ Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին, հրշեջ մեքենա է հատկացրել հենակետին, և իրականացրել է կամավորների ուսուցումը։ Կառուցված հենակետի կենսագործունեության ապահովման գործում մեծ ներդրում են ունեցել նաև միջազգային գործընկեր կառույցները՝ Ավստրիական զարգացման գործակալությունը, Ավստրիական կարմիր Խաչի և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունները:

Leave a Comment