Ֆինանսների նախարարը ցնդաբանություն է համարում Հայաստանում աննախադեպ գնաճի վերաբերյալ պնդումները

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի կիսում պնդումները, թե Հայաստանում արձանագրվել է աննախադեպ գնաճ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ նա մատնանշեց թվային ցուցանիշներ՝ արձանագրելով գնաճային միտումների շարունակական մեղմում։ 

«2024 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 0.3 տոկոս։ Սա այն իրավիճակն է, երբ գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին՝ խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում» – նշեց նախարարը։ 

Հովհաննիսյանը նաև համեմատություն է անցկացրել տարածաշրջանային և նմանատիպ երկրներում արձանագրված ցուցանիշների հետ․Վրաստան՝ 1.1%, Ալբանիա՝ 2.2%, Ադրբեջան՝ 2.2%, Մոլդովա՝ 4.7%, Ղրղզստան՝ 5%, Բելառուս՝ 5.8%, ՌԴ՝ 8.4%,Ղազախստան՝ 8.7%։

«Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է։ Ինչ-որ մեկը խոսում էր դրա մասին։ Ուզում եմ ասել ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են»,-եզրափակեց ֆինանսների նախարարը։

Leave a Comment