Տղամարդուն ձերբակալել են Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրի պատնեշն անցնելու փորձի համար

ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձերբակալել է տղամարդու, որը փորձել է ներխուժել նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայր (Ֆլորիդայի նահանգ), հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցչին։
Նրա տվյալներով՝ ձերբակալվածը փորձել է «բարձրանալ պարսպի վրայով եւ ակտիվացրել է տագնապի ազդանշանը»։ Գաղտնի ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, ձերբակալել նրան «առանց միջադեպի» եւ հանձնել տեղի ոստիկանությանը։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մասնավոր սեփականություն անօրինական մուտք գործելու համար։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ չարագործը ցանկացել է հանդիպել Թրամփի հետ՝ «Ավետարանը քարոզելու» եւ ԱՄՆ առաջնորդի թոռնուհու հետ ամուսնանալու համար։ Նշվել է, որ միջադեպի պահին նախագահն ինքը գտնվում էր Վաշինգտոնում։
Անցած տարվա ընթացքում Թրամփը երկու մահափորձի է ենթարկվել։ Առաջինը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսին Փենսիլվանիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ դիպուկահարի արձակած գնդակը դիպել էր քաղաքական գործչի ականջին։ Երկրորդ անգամ Ուկրաինային օգնության կողմնակից արմատականը կրակ էր բացել իր Մար-ա-Լագոյի նստավայրից ոչ հեռու անցած տարվա սեպտեմբերին։

Leave a Comment