ԱՄՆ-ում տղամարդը հարձակվել է իսրայելցի պատանդներին աջակցող ցուցարարների վրա․ 8 մարդ է վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում կիրակի 8 մարդ է վիրավորվել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին նվիրված բողոքի ակցիայի ժամանակ, երբ 45-ամյա տղամարդը, «Ազատ Պաղեստին» բղավելով, հրկիզող սարքեր է նետել հավաքվածների ուղղությամբ, գրում է Reuters-ը։

Բոուլդերի ոստիկանությունը հայտնել է, որ չորս կին և չորս տղամարդ՝ 52-ից 88 տարեկան, տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ վիրավորների թիվը վեց է, նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է։

«Նախնական փաստերի արդյունքում պարզ է դառնում, որ սա նպատակային բռնության ակտ է, ՀԴԲ-ն այն հետաքննում է որպես ահաբեկչական ակտ»,- ասել է Դենվերի դաշտային գրասենյակի պատասխանատու, ՀԴԲ հատուկ գործակալ Մարկ Միխալեկը։

Նա նշել է, որ կասկածյալը՝ Մոհամեդ Սոլիմանը, հոսպիտալացվել է հարձակումից կարճ ժամանակ անց:

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նույնպես միջադեպը որակել է «նպատակային ահաբեկչական հարձակում», իսկ Կոլորադոյի գլխավոր դատախազ Ֆիլ Վայզերը նշել է, որ դա, կարծես, «ատելության հանցագործություն է՝ հաշվի առնելով թիրախավորված խումբը»։

«Մենք բավականին վստահ ենք, որ միակ կասկածյալը ձերբակալված է»,- ասել է Բոուլդերի ոստիկանապետ Սթիվեն Ռեդֆիրնը։

Հարձակումը տեղի է ունեցել Pearl Street Mall-ում՝ «Run for Their Lives» կազմակերպության նախաձեռնած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի 2023 թվականի հարձակումից հետո գերի վերցված պատանդների խնդրի վրա ուշադրություն հրավիրելուն։ Հայտարարության մեջ խումբը նշել է, որ պատանդների հետ կապված ակցիաները տեղի են ունենում 2023 թվականից ի վեր ամեն շաբաթ, մինչ օրս՝ «առանց որևէ բռնի միջադեպի»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X-ում գրել է, որ ցնցված է «սարսափելի հակասեմական հարձակումից»։

Այս միջադեպը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում Իսրայելի կողմից Գազայում պատերազմի պատճառով լարվածության աճի ֆոնին, որը հանգեցրել է հակասեմական հանցագործությունների աճի, ինչպես նաև Իսրայելի պահպանողական կողմնակիցների կողմից պաղեստինամետ բողոքի ցույցերը հակասեմական որակելու քայլերի։

Հավելենք, որ այս հարձակումը տեղի է ունենում Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանությունից կարճ ժամանակ անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment