Ընդդիմադիր թեկնածու Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Քաղաքականություն

02.06.2025 | 10:17

Ընդդիմադիր «Իրավունք և արդարադատություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50.9%-ը: Այս մասին են վկայում երկրի Պետական ​​ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների 100%-ի մշակման տվյալները․ գրում է TVP Info -ն:

Իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին ստացել է ձայների 49.1 %-ը:

Միաժամանակ նշվում է, որ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, արտասահմանում գտնվող ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներով, հաղթել է ՝ ստանալով քվեարկողների ձայների 63.49%-ը, իսկ Կարոլ Նավրոցկին՝ 36.51%-ը։

Արտասահմանում գտնվող ընտրատեղամասերում քվեարկել է ավելի քան 608,000 լեհ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է Լեհաստանի նախագահական ընտրությունների համար ռեկորդային 71.63 %: Ընտրողների մասնակցության նախորդ ռեկորդը գրանցվել է 1995 թվականին (68.23%):

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մայիսի 18-ին, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 1-ին:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment