ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ վերադառնալ Գազայի շուրջ բանակցություններին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք անհապաղ վերադառնալ Գազայի հարցով անուղղակի բանակցություններին ՝ վիճելի հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար», – ասվում է արմատականների Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

ՀԱՄԱՍ-ից հավելել են, որ «անկլավում մշտական հրադադարի ապահովումը և այնտեղից իսրայելցի զինվորականների ամբողջական դուրսբերումը» պարտադիր պայման են համարում:

Այսօր ավելի վաղ Եգիպտոսը և Քաթարը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում հույս են հայտնել, որ Գազայի հատվածում մոտ ժամանակներս 60 օր ժամկետով հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի: Կահիրեն և Դոհան նաև ընդգծել էին, որ «աշխատում են կողմերի միջև առկա վիճելի կետերի կարգավորման ուղղությամբ»։

Մայիսի 29-ին իսրայելական Ynet պորտալը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը Գազայի վերաբերյալ նոր առաջարկ է ներկայացրել, որը նախատեսում է անկլավում 60 օրով անհապաղ հրադադար հաստատել և առաջին շաբաթվա ընթացքում ողջ մնացած 10 պատանդներին ազատ արձակել՝ երկու փուլով:

Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Գազայում էսկալացիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 54 հազարի։

Leave a Comment