Թրամփը և Սի Ծինփինը մոտ ժամանակներս բանակցություններ կանցկացնեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը մոտ ժամանակներս բանակցություններ կանցկացնեն՝ առևտրային հարցերը, ներառյալ կարևորագույն օգտակար հանածոների շուրջ վեճը, կարգավորելու համար, կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Չինաստանը զսպում է արտադրանքի մատակարարումները, որն անհրաժեշտ է Հնդկաստանի և Եվրոպայի արդյունաբերական մատակարարման շղթաների համար։ Իսկ դա այն չէ, ինչ անում է հուսալի գործընկերը,- ասել է Բեսենթը։ – Ես վստահ եմ, որ երբ նախագահ Թրամփը և նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց ունենան, ամեն ինչ կկարգավորվի։ Բայց այն փաստը, որ նրանք չեն թողարկում որոշ ապրանքներ, որոնք համաձայնել էին թողարկել մեր համաձայնագրի շրջանակներում,- հնարավոր է՝ դա խափանում է չինական համակարգում, հնարավոր է՝ դա արվել է միտումնավոր։ Կտեսնենք այն բանից հետո, երբ նախագահը խոսի նախագահի հետ»։
Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ վստահ է, որ կխոսի Սի Ծինփինի հետ։ Ապրիլին Չինաստանը հայտարարել էր, որ վերջին շրջանում երկու երկրների ղեկավարները չեն շփվել։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Սի Ծինփինի հետ զրույցը Թրամփի օրակարգում է, Բեսենթն ասել է. «Ես հավատում եմ, որ մենք շատ շուտով ինչ-որ բան կտեսնենք»։
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քևին Հասեթը հայտարարել է, որ հանդիպման կոնկրետ ամսաթիվ դեռ նշանակված չէ, բայց քննարկվել է, որ ղեկավարները կքննարկեն անցյալ ամիս ձեռք բերված ժնևյան համաձայնագիրը որոշ սակագնային վեճերի վերաբերյալ։
«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամփն այս շաբաթ հիանալի զրույց կունենա նախագահ Սի Ծինփինի հետ առևտրային բանակցությունների վերաբերյալ։ Մենք դա ակնկալում ենք»,- ասել է Հասեթը։
Թրամփը ուրբաթ օրը մեղադրել է Չինաստանին ԱՄՆ-ի հետ կարևորագույն օգտակար հանածոների վրա սակագների և առևտրային սահմանափակումների փոխադարձ չեղարկման մասին համաձայնագիրը խախտելու մեջ։

Leave a Comment