Անկարգություններ Ֆրանսիայում Չեմպիոնների լիգայի տոնակատարությունների ժամանակ. զոհվել է 2, վիրավորվել՝ 192 մարդ

Ոստիկանությունը 500-ից ավելի մարդ է ձերբակալել Ֆրանսիայում Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոնակատարությունների ժամանակ, երկու մարդ զոհվել է, 192-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս բուռն տոնակատարություններ են սկսվել այն բանից հետո, երբ «Փարի Սեն-Ժերմենը» ջախջախել է իտալական «Ինտեր Միլանին» և առաջին անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, թեև ոստիկանության հետ հետագա բախումները սպառնում էին փչացնել տոնը։
Կիրակի առավոտյան ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով, ձերբակալվել է 559 մարդ, այդ թվում՝ 491-ը Փարիզում։ 320 մարդ կալանավորվել է, նրանցից 254-ը՝ Փարիզում։
Ելիսեյան դաշտերում կոտրել են ավտոբուսի կանգառները և արկեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ հետ մղելու հորդած ամբոխին, երբ հազարավոր երկրպագուներ դուրս են եկել բուտիկներով պատված պողոտա։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտնել է հարյուրավոր հրդեհների, այդ թվում՝ ավելի քան 200 այրված ավտոմեքենաների մասին։ Տուժել են անվտանգության ուժերի 22 աշխատակից և յոթ հրշեջ։

Leave a Comment