
Գագիկ Ծառուկյանը վաղ է համարում առաջիկա ընտրություններին մասնակցության մասին խոսելը՝ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել, բայց եթե որոշի, մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ «Ժողովուրդը հոգնել է, հիասթափվել, մարդիկ հոգնել են հին ու նոր կռիվներից, մտահոգ են երկրի անվտանգության, երեխաների ապագայի համար, ուզում են լավ ապրել։ Ծրագրում պետք է գրված լինի՝ ոլորտը, ինչ խնդիր ունի, ինչը պետք է ուղղվի»,- «Կենտրոն»-ի եթերում ասել է նա։ Հարցին՝ պատրա՞ստ եք այդ համախմբումն իրականացնել ու չհավակնել վարչապետի պաշտոնին, նշել է․ «Ես պատրաստ եմ կազմակերպելու, համախմբելու, ներկայացնելու։ Երկիրը պետք է հանել էս վիճակից, անհրաժեշտ է վերկուսակցական ուժ ստեղծել, ազգին համախմբել։ Ինձ համար պաշտոնը կարևոր չէ։ Վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ»։