
Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը հրապարակել է կոչ արշավականներին՝ խնդրելով բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։
«Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։
Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։
Օրինակ՝
Ծաղիկները սննդի աղբյուր են որոշ միջատների համար,
Միջատներն էլ՝ թռչունների, մանր գիշատիչների և սողունների,
Իսկ նրանք՝ խոշոր գիշատիչների։
Այս շղթայի խզումը կարող է ունենալ անուղղելի հետևանքներ ինչպես բնության, այնպես էլ մարդու կենսամակարդակի վրա։
Խնդրում ենք լինել պատասխանատու և հոգատար։
Մի՛ քաղեք ծաղիկներ։
Մի՛ խախտեք կենդանի արարածների բնակավայրերը։
Մաքուր, առողջ և կայուն բնություն ունենալու գրավականը՝ նրա բնական անխաթարությունն է։ Եկեք միասին պահպանենք մեր բնության հրաշալիքներն ու դրանք անխաթար փոխանցենք նաև ապագա սերունդներին»,-ասված է կոչ-հորդորում։
Շնորհակալություն համագործակցության և բնության հանդեպ ձեր հոգատար վերաբերմունքի համար»,- հորդորում է ՊՈԱԿ-ը։