Արեգակնային հզոր բռնկման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա ամենախոշոր արեգակնային նյութի ամպը։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով 04:05-ին, Արեգակի վրա տեղի է ունեցել M8.2 մակարդակի ուժեղ արեգակնային բռնկում։ Այն գրանցվել է թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։
Բռնկման դիրքը համընկնում է Արեգակ–Երկիր ուղղությանը, ինչն ապահովում է, որ ժայթքված պլազման անխուսափելիորեն կհասնի Երկիր՝ շրջանցելու հավանականությունը բացառելով։
Նախնական գնահատականներով՝ սպասվում են մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։ G5 մակարդակի փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։
Մոդելային կանխատեսումները ցույց են տալիս, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։
Առողջության հետ կապված զգուշացումներ
Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց մոտ կարող են սրվել որոշ առողջական խնդիրներ։
Ռիսկի խմբում են՝
- 50 տարեկանից բարձր անձինք,
- Սրտային հիվանդություններ ունեցողները,
- Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները։
Խորհուրդ է տրվում՝
- Խմել շատ ջուր,
- Խուսափել սթրեսից և քնի պակասից,
- Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը,
- Հնարավորության դեպքում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը։