Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով ֆրանսիական հեքիաթները նոր շնչով վերադարձան ընթերցողի մոտ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի վառ, գունեղ նկարազարդումներով «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գիրքը, որը 1988 թվականին «Արևիկ» հրատարակչությունը լույս էր ընծայել 50 հազար օրինակով, կրկին ընթերցողների ուշադրության կենտրոնում է։ Գիրքը վերահրատարակվել է առավել վառ գույներով ու նոր մոտեցումներով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսն ու նկարազարդումների բնօրինակ էսքիզների ցուցադրության բացումը տեղի ունեցան մայիսի 30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում։ 

«Գեղանկարիչ Վլադիմիր Աբրահամյանը մոտ 250 գիրք է ձևավորել, իսկ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»-ն առանձնահատուկ տեղ ուներ նրա համար: Նրա մահից հետո, երբ փորձում էինք արխիվը կարգի բերել, մի հետաքրքիր թղթապանակ գտանք: Թղթապանակում ֆրանսիական ժողովրդական հեքիաթների 35 էսքիզ էր, որոնք շքեղ գույներ ունեն, շատ գեղեցիկ են, բայց 1988-ին հրատարակված գրքում այդ գույները չկային: Կարելի էր դա հասկանալ, քանի որ այդ բախտորոշ շրջանում խենթերին հատուկ բան էր գիրք հրատարակելը, այն էլ մանկական և 50 հազար օրինակով: Երկար ժամանակ մտածում էինք գիրքը վերահրատարակել, որպեսզի հնարավոր լինի փոխանցել նկարչի վառ գույները»,-պատմեց Աբրահամյանի ընտանիքի անդամ Նարա Եփրեմյանը:  

Նկարազարդումների էսքիզները գտնելուց հետո Եփրեմյանին հետաքրքրել է, թե կան արդյոք փաստաթղթեր, նամակներ, որոնցում որևէ անդրադարձ կամ արձագանք կլինի գրքին: Նա գտել է մի  թերթից կտոր, որն Աբրահամյանը խնամքով պահպանել է: 1990-ին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում հրապարակվել է տեղեկություն, որ լույս է տեսել գիրքը Սամվել Գասպարյանի թարգմանությամբ և Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով:

«Շքեղ բառն այնքան շատ բան  էր ասում: Հանրությունը պետք է տեսներ այդ վառ նկարազարդումները, որովհետև, ինչպես արդեն ասվեց, գրքում գույներն այն չեն: Այս ցուցադրությամբ հնարավորություն է ստեղծվում տեսնելու բնօրինակ նկարները, որոնք յուրահատուկ են»,-նշեց Եփրեմյանը:

Շաբաթաթերթում հրապարակված տողերից զատ գրքին վերաբերող այլ անդրադարձներ չեն գտել: Եփրեմյանը կարծում է՝ ամենաբարձր գնահատականը բոլոր փոքրիկների հիացած աչքերն էին, որոնք սիրով էին թերթում գիրքը: «Այսօր ամեն երկրորդ ընտանիքում այդ գիրքը կա. ֆրանսիական հեքիաթներն իրենց նուրբ հումորով, հետաքրքիր լուծումներով կարող են վերադառնալ մեր գրադարաններ: Ցավում եմ, որ Աբրահամյանն այժմ մեզ հետ չէ, բայց վստահ եմ, որ նա իրեն երջանիկ կզգար, երբ տեսներ՝ գիրքը վերահրատարակվել է»,-ընդգծեց Եփրեմյանը: 

Վլադիմիր Աբրահամյանը մի քանի ամիս աշխատել է գրքի վրա, կարդացել է բոլոր հեքիաթներն ու նկարազարդումները կատարել այնպիսի վարպետությամբ, որ դրանք համապատասխանել են և՛ հեքիաթի բովանդակությանը, և՛ տվյալ ժամանակաշրջանի ֆրանսիական ոճին:  

«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»-ն այդ տարիներին տպագրված ամենահայտնի մանկական գրքերից էր և կար գրեթե յուրաքանչյուր ընտանիքի գրադարանում: Մի քանի սերունդ է մեծացել այդ հեքիաթներով, և նրանց պատկերացումները ձևավորվել են Վլադիմիր Աբրահամյանի կերպարների միջոցով: Նկարիչն այնպես է տպավորվել այդ նախագծով, որ հետո հեքիաթների որոշ կերպարներ դարձել են առանձին կտավներ:  

Գիրքը վերահրատարակել է «Արևիկ» հրատարակչությունը, աջակցել է Երևանի քաղաքապետարանը:

«Արևիկ» հրատարակչության և գրատան տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի համար դժվար տարիներին չունենալով տպագրական այն որակը, որը կա այսօր՝ գիրքը մեծ հաջողություն է ունեցել ու սիրվել է: «Շատերն ասես իրենց մանկությունը կիսատ թողած լինեն և սպասում են վերահրատարակված գրքին այդ մանկությունը հետ բերելու նպատակով, որովհետև իրենց մանկությունը կապված է եղել նաև այս հեքիաթների հետ: Ավաղ, անձամբ չեմ ճանաչել Վլադիմիր Աբրահամյանին, բայց նա մտերիմ է եղել հորս հետ: Գիտեմ, որ նրանց ընկերությունը մեծ դեր է խաղացել գրքի հրատարակման գործում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն էլ հիշեցրեց, որ Աբրահամյանի էսքիզներն առաջին անգամ չեն ցուցադրվում թանգարանում: Ցուցադրել են նաև նախորդ տարի: Ցուցադրությունը շատ այցելուների է հետաքրքրել: Ուրախ են, որ երկրորդ ցուցադրության բացումը ևս մարդաշատ է: «Թե՛ Աբրահամյանի ընտանիքի, թե՛ «Արևիկ» հրատարակչության, թե՛ մեզ համար գրքի վերահրատարակումը երազանք էր դարձել, քանի որ գիրքը մեր սերնդի մանկության անբաժան մասն էր: Ուզում էինք, որ այն նոր կյանք ստանա, և այդ գաղափարն արդեն իրականություն է»,-ուրախությամբ նշեց նա: 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 15-ը:

Վլադիմիր Աբրահամյանը մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների Շվեդիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում և այլուր:
Աբրահամյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում:

Leave a Comment