Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու փորձեր կան․ Կոպիրկին

Վերջին շրջանում բազմաթիվ փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները, Երևանում հայագիտության մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ռուս դիվանագետը նշել է, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է Հայաստանի և հայկական ինքնության առանձնահատկությունների օբյեկտիվ գիտական վերլուծություն կատարել։

«Հայաստանի և Ռուսաստանի ինքնություններն այնքան սերտորեն միահյուսված են, որ երբեմն դժվար է դրանք տարանջատել։ Հետևաբար, կարևոր է, որ հայագիտությունն այժմ այդքան ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում, իսկ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի ու Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոն: Դրանք այն գործընթացներն են, որոնց պետք է ամեն կերպ աջակցել»,- նշել է Կոպիրկինը։

Ռուսական Ведомости թերթն ապրիլին պարզել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հարցով կզբաղվի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Թերթը նշել էր, որ այս փուլում Կիրիենկոյի գործունեությունն այդ ուղղությամբ կենտրոնացած է տեղեկատվական օրակարգի և «ռուսական շահերի ամրապնդման համար փափուկ ուժի օգտագործման» վրա:

Leave a Comment