Ստեփանավանի բժշկական կենտրոն դիմած տղամարդը կոտրել է մուտքի դռան ապակին, աղմկել, վիրավորել բուժաշխատողներին


Մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2․25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մուտքի դռան ապակին, գոռգոռացել ու վիրավորել է բուժաշխատողներին՝ խաթարելով կենտրոնի բնականոն աշխատանքը:

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պուշկինոյի բնակիչ 38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

175 դիտում

Leave a Comment