Ստամբուլում հանդիպման 2-րդ փուլից հետո Անկարան պատրաստ է հյուրընկալել Թրամփ-Պուտին- Զելենսկի հանդիպումը․ Ֆիդան

Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև տեխնիկական բանակցությունների երկրորդ փուլից հետո Թուրքիան հույս ունի հյուրընկալել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներին: Այս մասին  հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք անկեղծորեն կարծում ենք, որ Ստամբուլում ուղիղ բանակցությունների առաջին և երկրորդ փուլերին կարող է հաջորդել Թրամփի, Պուտինի և Զելենսկիի հանդիպումը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորությամբ»,- ասել է դիվանագետը։

Ֆիդանը ներկայում այցով Կիևում է, որտեղ նախատեսվում է նաև նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ավելի վաղ թուրք դիվանագետը Մոսկվայում էր։ Ֆիդանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը չի բարձրացվել Մոսկվայում:

Ուկրաինան դեռևս պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցությունների երկրորդ փուլին, որն Ռուսաստանը առաջարկել է անցկացնել հունիսի 2-ին:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը դեռևս սպասում է Մոսկվայից խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է մասնակցել բանակցությունների նոր փուլին:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆիդանը նաև ասել է՝ «ապացուցել են, որ [Ռուսաստան-Ուկրաինա] բանակցությունները [Ստամբուլում] կարող են կոնկրետ արդյունքներ տալ»՝ արտահայտելով Անկարայի ցանկությունը՝ պահպանել Ստամբուլում ձեռք բերված առաջընթացը։

«Մենք կարող ենք կա՛մ աչք փակել այս պատերազմի շարունակության վրա, կա՛մ հասնել կայուն խաղաղության մինչև տարեվերջ։ Զինադադարի և խաղաղության սպասումները մեծացել են։ Առաջընթաց, անշուշտ, կարելի է գրանցել, քանի դեռ մենք մնում ենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ընթացքում  ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Հանդիպման միակ իրական արդյունքը գերիների փոխանակումն էր՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով, որն ավարտվել է մայիսի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment