Գավառի բժշկական կենտրոնը համալրվել է համակարգչային շերտագրման սարքով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գավառի ԲԿ համակարգչային շերտագրման կաբինետ ունենալու խոստում էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են ԲԿ-ի տնտեսված միջոցների հաշվին, շուրջ 10 միլիոն դրամի շրջանակներում, իսկ համակարգչային շերտագրման սարքը տեղադրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված միջոցներով`150 միլիոն դրամ նախահաշվային արժեքով:
Համակարգչային շերտագրման կաբինետի գործարկմամբ Գավառի բժշկական կենտրոնը հնարավորություն կունենա համայնքի բնակիչներին մատուցելու որակյալ ծառայություն՝ տեղում իրականացնելով ճշգրիտ հետազոտություն, ախտորոշում և բուժում:
Այս նախաձեռնությունը կնպաստի նաև ԲԿ սեփական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում էլ բժշկական կենտրոնը կվերազինվի ժամանակակից այլ սարքավորումներով։
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գավառի բժշկական կենտրոն՝ համակարգչային շերտագրման կաբինետի հիմնման և համապատասխան սարքավորման տեղադրման աշխատանքները դիտարկելու նպատակով։