«Ազնիվ չէ հետին թվով մեղավորներ ու քավության նոխազներ փնտրելը»․ Արմինե Օհանյան

«Ազնիվ չէ հետին թվով մեղավորներ ու քավության նոխազներ փնտրելը»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետին թվով դատողություններ անելուց հեշտ բան չկա: Մանավանդ, երբ տարիների հեռվից նորովի են երևում տեղի ունեցած իրադարձությունները և հետին թվով խելոքներն սկսում են քննադատել ու խելք խրատել գլխավոր դերակատարներին: Ասենք, գեղեցիկ չէ, երբ 2025-ին ոմանք մեղադրում են 2018-ի իշխանություններին, թե՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիք, ինչո՞ւ չխեղդեցիք հեղափոխությունն օրորոցում, այդ դեպքերը կարող էին բոլորովին այլ կերպ զարգանալ, այ եթե նիկոլենց մի ամիս պահեիք բանտում, ցուցարարների դեմ ջրցան կիրառեիք և այլն, այսօր Արցախ կունենայինք, այսքան զոհ տված չէինք լինի… Նույն կերպ՝ սիրուն չէ, երբ ընդդիմության վերջին 5 տարվա երկարատև ու կատաղի պայքարը վերլուծելով՝ ասում են՝ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Բագրատ Սրբազանը, մյուսները «հատուկ պարտության տարան շարժումները», պտտեցրին, խաբեցին մարդկանց, որ ամրապնդեն Փաշինյանի իշխանությունը: Կամ, օրինակ, մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, թե 2021 թվականին ասել ես՝ «կրելու եմ», չկրեցիր, թիմդ մտավ ԱԺ, և 4 տարի ոչինչ չարեց, ուրեմն խաբել եք ընտրողին, չեք կատարել ձեր խոստումները: Իհարկե, միանգամայն հասկանալի են մարդկանց սպասումների, այդ սպասումները չարդարանալու արդյունքում ծագած այս վրդովմունքի պատճառները: Բայց խելացի մարդիկ հասկանում են, որ «մարդիկ որոշում են, Աստված՝ կանխորոշում»: Որ հնարավոր չէ ամեն ինչ պլանավորել, և ամենաուժեղ ցանկությունն անգամ բավարար չէ՝ արդյունքի հասնելու համար: Ուստի ազնիվ չէ, բարոյական չէ, խելացի չէ հետին թվով մեղավորներ ու քավության նոխազներ փնտրելը: Ի վերջո՝ պատասխանատվություն կրելն ու հանրային ակնկալիքներն արդարացնելը դյուրին բան չեն: Մարդիկ կարող են նաև սխալվել իրենց հաշվարկներում, կարող են այնքան հզոր չլինել, որքան թվում է կողքից, և միշտ կա իրենցից չկախված ֆորս-մաժորների հավանականությունը: Երբևէ պատասխանատվություն չստանձնած մարդկանց համար շատ հեշտ է պահանջատիրոջ կեցվածք ընդունելը և աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնելը»:

Աղբյուրը`   Արմինե Օհանյան

Leave a Comment