Ինձ պաշտոն պետք չի, այսօր կանգնած ենք անդունդի եզրին․ Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն

29.05.2025 | 23:40

«Դեռ շուտ է այդ մասին խոսել, որովհետեև շատ ժամանակ կա և շատ բան կարող է փոխվել»,- «Կենտրոն» հ/ը-ին տված հարցազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է հաջորդ տարի առաջադրվել խորհրդարանական ընտրություններին։

Այնուհանդերձ՝ նա նշել է, որ ունի ծրագիր։ «Բայց եթե մասնակցեմ, մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվելու է «Առաջարկ Հայաստանին»,-ասել է Ծառուկյանը և մանրամասնել, որ դա ենթադրում է համախմբում, քանի որ բոլորը հոգնել են նախկին և ներկա վեճերից։ Նա պատրաստվում է առաջարկել ոլորտային խնդիրների հստակ լուծումներ։

«Այսօր կուսակցությունները իրենց նկատմամբ հավատը կորցրել են, ոչ մի կուսակցություն չի կարող միայնակ երկիրն այս վիճակից հանել, անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծել, համախմբել գաղափարը։ Այսօր մենք կանգնած ենք անդունդի եզրին»,- ասել է Ծառուկյանը՝ շեշտելով, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին։

«Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ, իմ նպատակն է, որ իմ երկիրը հզոր լինի, անվտանգությունն ապահովված լինի, ինձ պաշտոն պետք չի»:

Ուշագրավ է, որ հարցազրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը չի ներկայացվում որպես ԲՀԿ ղեկավար, լուսագրերում էլ միայն անուն ազգանունն էր գրված։

Leave a Comment