Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը. Արշակ Սրբազան





«Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը»,-նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ արձագանքելով կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր արձագանքը վերնագրել է այսպես. «Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը»:

Սրբազանը շարունակում է.

«Ցավալի է,  սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահատվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում  չցուցադրել «նորաձև հռչակված » կրթության   պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին  ճգնաժամը: 

 Պետք է տեղյակ լինել, որ  հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամեր դիմել  է պետական մարմիններին և ընդգծել  առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես  և հենց կառավարության կողմից:

Սրբավայրերի հանդեպ վարչապետի  հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրներին»։



Leave a Comment