Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանում է Փաշինյանին
▪️Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը:
▪️Ցավալի է, որ նման նուրբ հարցի շուրջ արտահատվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը,ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը, -իր սոցցանցում գրել է արքեպիսկոպոսը:
▪️Հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականին եկեղեցին դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես էլ կառավարության կողմից:
▪️Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Մի գուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները, գրել է նա:
***
Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»: Գրել է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
«Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով:
Միայն ցանկանում ենք տանել զուգահեռ և նշել, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:
Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը:
Բնականաբար միջազգային մասշտաբներ ընդգրկող սույն համաժողը մեծ դժգոհություններ, վրդովմունք ու անհանգստություններ է առաջ բերել թշնամի երկրում՝ Ադրբեջանում, և նույն ժամանակամիջոցում երկրի գլխավոր դավաճանը հավանաբար ևս վրդովմունք ապրելով՝ նմանօրինակ հարձակում սկսեց եկեղեցու դեմ»,- գրել է նա: