Շվեյցարիայում պոկված սառցաբեկորը ոչնչացրել է գյուղի մեծ մասը. Guardian

Շվեյցարական Վալե կանտոնի Բլատեն գյուղի մեծ մասը ոչնչացվել է ցեխի հոսքից եւ Ալպերում պոկված սառցաբեկորից։ Այս մասին մայիսի 28-ին տեղեկացրել է The Guardian թերթը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։
Բացի գյուղից, ցեխի հոսքը հասել է տեղի գետին եւ Բլատենի մոտ գտնվող դաշտավայրի անտառապատ հատվածին։ Տարածաշրջանային անվտանգության ծառայության ղեկավար Ստեֆան Գանցերի խոսքով՝ «գյուղի մոտ 90 տոկոսը կամ ծածկվել է սելավացեխով, կամ ավերվել է»։ Նա նաեւ ասել է, որ իրավիճակը կարող է վատթարանալ։
Տեղի կառավարության ներկայացուցիչ Մաթիաս Էբեները հայտնել է, որ առնվազն մեկ մարդ անհետ կորել է:
Բլատեն գյուղում ապրում է մոտ 300 մարդ։ Մայիսի 19-ին բնակավայրը տարհանվել է, քանի որ երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել է հնարավոր ձնահյուսի մասին։

Leave a Comment