Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները նպատակ ունեն խուճապ առաջացնել բնակչության շրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և, իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է որոշ գյուղացիների։ Դա բնական է։ Եթե տեսնում են, որ գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե, դա անհանգստացնում է»,-ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ նման դեպքեր արդեն մի քանի անգամ արձանագրվել են։
«Ցավոք, պարբերաբար կրկնվում են այդպիսի դեպքերը։ Դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր՝ պարզելու համար գնդակների ուղղությունը՝ արդյոք դրանք արձակվել են ուղիղ նշանառությամբ, պատահական, թե այլ հանգամանքներով պայմանավորված։ Այս քննություններից ավելի պարզ կդառնա իրական պատկերը»,- ընդգծեց պատգամավորը։
ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 29-ին, ժամը 01:00-01:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան։