
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանի առաջին Հանրապետության ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հղել, որը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
«Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը:
Ծնվեց լքված, կեղեքված, հիվանդ, ցեղասպանված ժողովրդի կամքից, հաղթանակի ձգտումից: Ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել՝ հասկանալով, որ դա իր վերջին հանգրվանն է՝ ականջալուր լինելով Գևորգ Ե Սուրենյանց հայրապետի կոչին. «Իմ ժողովուրդը դեռ վերջին խոսքը չի´ ասել անարգ թշնամուն ր այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ»:
Այդ օրերի հրամանատարներից մեկը Դրաստամատ Կանայանն էր, ով հենց այս վայրերում, ով կարողացավ հաղթանակ կնքել աշխարհազորի հետ միասին:
2002թ-ին Դրաստամատ Կանայանի շիրիմը ես եմ օրհնել՝ որպես Արագածոտնի թեմի առաջնորդ: Այդ օրն ասել եմ՝ այս ամբողջ լեռնապարի մեջ ևս մեկ գագաթ ավելացավ:
Այսօր մենք կոչված ենք ազատագրության այն պատգամներով, այն կամքով, այն տեսիլքներով, որ ուներ մեր սիրելի հրամանատարը՝ Դրաստամատ Կանայանը:
Հերոսամարտին առանցքային դերակատարություն են ունեցել մեր արցախցի մարտիկները՝ ներհրավված լինելով հոգևորականների մահապարտների գնդի մեջ՝ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանցի գլխավորությամբ:
Եվ այս բոլորի գլխին երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսն էր, որի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին, ասելով՝ ես չեմ լքի Մայր Աթոռը, այլ կնահատակվեմ այստեղ որպես գահակալ՝ ժողովրդին հրավիրելով տեր կանգնելու, ծառա լինելու իր սրբություններին, իր ինքնությանը, իր գոյությանը:
Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո՛չ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին թշնամու դեմ՝ նախ մեր տունը ազատագրելու, և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր հետ միասին:
Շնորհավո՛՛ր տոնդ, անկախ Հայաստան»,- նշել է Բագրատ Սրբազանը։