Ձանյոլոն հարբած վիճակում էր և առաջինը հարվածեց մեր ֆուտբոլիստին․ Ռոմայի հայտարարությունը

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել Իտալիայի երիտասարդական լիգայի փլեյ-օֆի կիսաեզրափակիչ խաղից հետո ակումբի հանդերձարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆիորենտինայի» 25-ամյա կիսապաշտպան և նախկինում «Ռոմայի» խաղացող Նիկոլո Ձանյոլոն խաղից հետո ներխուժել է «Ռոմայի» երիտասարդական թիմի հանդերձարան և հարվածել երկու ֆուտբոլիստի:

«Ականատեսների վկայությամբ՝ Ձանյոլոն ակնհայտորեն հարբած վիճակում էր: Նա ուղեկցող անձի հետ, առանց համապատասխան հավատարմագրի, մուտք է գործել մեր թիմի հանդերձարան: Նա վիրավորական պահվածք է դրսևորել, այնուհետև սկսել է սադրել մեր ֆուտբոլիստներին: Ձանյոլոն առաջինը հարվածել է Մատիա Ալմավիվային, ապա ուժգին հարվածով նստարանին է գցել Մարկո Լիտիին, որը վերջերս ուսի վիրահատություն է տարել: «Ռոման» լիակատար աջակցություն է հայտնում իր երիտասարդ խաղացողներին և խստորեն դատապարտում է նման դաժան ու անընդունելի վարքագիծը»,- նշված է հռոմեական ակումբի հայտարարության մեջ:

Ակումբը հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ համապատասխան մարմինները վճռական քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և իտալական ֆուտբոլի արժեքները պաշտպանելու համար»:

Միջադեպից կարճ ժամանակ անց Ձանյոլոն սոցիալական ցանցերում հրապարակային ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ լիովին ստանձնում է տեղի ունեցածի պատասխանատվությունը: Սակայն նա պնդել է, որ ինքը սադրանքի է ենթարկվել «Ռոմայի» ֆուտբոլիստներից մեկի կողմից:

Հիշեցնենք, որ Ձանյոլոն «Ռոմայում» հանդես է եկել 2018-2023 թվականներին և 2022-ին ակումբի կազմում նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:

Leave a Comment