ՔՊ–ում շատ բան պետք է փոխել. Կարող է մարդիկ փոփոխվեն, կարող է՝ ինստիտուտներ. Վիլեն Գաբրիելյան

Ես ամբողջովին կիսում եմ ՔՊ–ի քաղաքականությունը խաղաղության օրակարգի մասով, այդ թվում նաև բեռնի տեղահանվածների իրավունքների մասով, և եթե ուշադիր եք եղել, մեկ-երկու անգամ վարչապետը այդ մասով իր դիրքորոշումը արձանագրել է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, ՔՊ անդամ Վիլեն Գաբրիելյանը։
Անդրադառնալով ՔՊ կուսակցության բարեփոխման անհրաժեշտությանը, որի մասին ինքը ավելի վաղ հայտարարել էր, Գաբրիելյանն ասաց. «ՔՊ–ում շատ բան պետք է փոխել, այդ թվում այդ փոփոխությունները պետք է անդրադառնան Հայաստանի Հանրապետության ինստիտուտների կայացման վրա, քանի որ ՔՊ կուսակցությունը այս պահի դրությամբ կառավարող ուժ է։ Պետք է փոփոխություններ անենք, այդ թվում նաև կերպարանափոխումներ անենք, որպեսզի ինստիտուտները Հայաստանի Հանրապետությունում կայանան շատ ավելի արագ և ամուր։
Կարող է մարդիկ փոփոխվեն, կարող է ինստիտուտ փոփոխվի, ինձ համար կարևոր է, որպեսզի ՀՀ–ում ինստիտուտները աշխատեն։ Երբ ինստիտուտները պատշաճ աշխատեն, մենք այլևս այդ խնդիրները անձնավորված չենք դիտարկելու»։
Հարցին՝ ինչու, օրինակ ՔԿ–ի նախագահը պաշտոնանկ չարվեց, երբ իր քթի տակ, 590 000 դոլար իրեղեն ապացույցը գողացվեց, Վիլեն Գաբրիելյանն ասաց. «Քննչական կոմիտեի ղեկավարը աչքիս լույսը չի, բայց եթե դա կորեր իր անմիջական սենյակից, իր սեյֆից, ձեր հարցադրումը տեղին կլիներ։ Դա գողացվել է ինչ-որ X մարդու սենյակից, քննություն է տեղի ունեցել, առնվազն այս պահի դրությամբ ապացուցվել է՝ ով է գողացել։ Պետք է լինի նաև դատական գործընթաց, որտեղ որ մեղքը ապացուցվում է, կամ ոչ։ Հիմա այս պահի դրությամբ, ով որ մեղավոր է եղել, ձերբակալվել է։ Ի՞նչ կապ ունի այստեղ Քննչական կոմիտեի ղեկավարը։ Ինքը կկրեր պատասխանատվություն այն ժամանակ, երբ որ փորձել դա ծածկադմփոց անել, բայց այս պարագայում ինքը ի՞նչ մեղք ունի»։

Leave a Comment