ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարան է ուղարկվել, առաջիկայում հայտնի կլինի, թե որ դատավորը կքննի այն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Քրեական գործով կալանավորվել են Արտուշ Գաբրիելյանը, նրա օգնականը և ենթադրաբար կաշառք տվող անձը։ Արտուշ Գաբրիելյանը մեղադրանքը չի ընդունում։
Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Մենք տեղեկացանք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մայիսի 26-ին մերժել է բողոքը՝ կալանքը թողնելով անփոփոխ։ Առաջիկայում, սակայն, խափանման միջոցի հարցը կրկին քննության առարկա կդարձվի՝ արդեն գործի ըստ էության քննության շրջանակներում։
Ի դեպ, Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:
–00–ԱՀ