Թրամփի համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է, բայց նա դեռ չի որոշել հետագա քայլերը․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, սակայն դեռևս որոշում չի կայացրել իր հաջորդ գործողությունների վերաբերյալ։ Այս մասին գրում է Politico-ն, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պուտինը վտանգավոր կերպով մոտ է այրելու այն ոսկե կամուրջը, որը Թրամփը կառուցել է իր համար»,- լրատվամիջոցին ասել է ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյան։

Politico-ն հիշեցնում է վերջին օրերին Պուտինի մասին Թրամփի կոշտ հայտարարությունները՝ «լիովին խելագար» և «կրակի հետ խաղալու» վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը դեռևս չի որոշել՝ արդյո՞ք լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ուժեղացված հարվածների։ Այս մասին Politico-ին ասել են չորս ամերիկացի պաշտոնյաներ։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը լուրջ կասկածներ է հայտնել, որ ԱՄՆ նախագահը երբևէ լայնածավալ պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի դեմ:

«Նա շատ հնարավորություններ է ունեցել դա անելու, բայց միշտ խուսափել է դրանցից»,- նշել է նա։

Իր հերթին, Թրամփի վարչակազմի նախկին աշխատակիցների կողմից 2021 թվականին ստեղծված  America First Policy Institute-ի փոխտնօրեն Ֆրեդ Ֆլիցը կարծում է, որ Վաշինգտոնը կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: «Հաջորդ մեկ կամ վեց շաբաթվա ընթացքում կգա մի ժամանակ, երբ Թրամփը կարող է դադարեցնել բանակցությունները և կոշտ պատժամիջոցներ կիրառել», – նշել է նա։

Politico-ի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ վարչակազմում և դրանից դուրս կան մարդիկ, որոնք  Թրամփին պատմել են այն վնասի մասին, որը պատժամիջոցները հասցնում են ամերիկյան բիզնեսին, և որ դրանք կարող են Ռուսաստանին հեռացնել բանակցություններից։

Այնուամենայնիվ, լրատվամիջոցը  նաև գրում է, որ Կոնգրեսի որոշ հանրապետականներ, այդ թվում՝ Սենատի հանրապետական ​​առաջնորդները, կողմ են պատժամիջոցների խստացմանը։

Ինչպես ավելի վաղ նշել էր The Wall Street Journal-ը, Դոնալդ Թրամփի կարծիքը Վլադիմիր Պուտինի մասին սկսել է  փոխվել անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում Պուտինը Թրամփին հստակեցրել է, որ պատրաստ չէ Ուկրաինայում հրադադարի։

Մայիսի 25-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա զանգվածային հարվածից հետո Թրամփն ասել էր, որ Պուտինը «լիովին խելագարվել է»։

Մայիսի 27-ին էլ նա Truth Social-ում գրել է. «Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ մինչ օրս շատ վատ բաներ կկատարվեին, և ես նկատի ունեմ՝ ՇԱՏ վատ։ Նա կրակի հետ է խաղում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment