Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Բաքվին հղված ուղերձում, նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին՝ ընդգծելով նաև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին, որոնք կարևոր են Հարավային Կովկասի բարգավաճման համար, և մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը»,-նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Ռուբիոն ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
«Մենք նաև ճանաչում ենք Ադրբեջանի աճող կարևորությունը որպես էներգամատակարար և տրանսպորտային հանգույց։ Վերջին 33 տարիների ընթացքում կառուցված մեր գործընկերությունը շարունակում է առաջ մղել անվտանգության, էներգետիկ համագործակցության և տնտեսական աճի ընդհանուր շահերը։ Միացյալ Նահանգները շարունակում է նվիրված լինել Ադրբեջանում հիմնարար ազատություններին, այդ թվում՝ մամուլի ազատությանը, աջակցելուն՝ համապատասխան Ադրբեջանի սահմանադրությանը։ Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքին՝ Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, բարգավաճ ապագա ապահովելու համար»,-ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ ասված է Մարկո Ռուբիոյի ուղերձում։