Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ





Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում: «Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ: Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս: Բայց Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրակ եղած ազգից կրկին վերածվեց պետականակերտ ժողովրդի և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ հանրապետություն, որտեղ իշխանության տերը ՀՀ ժողովուրդն է: Եվ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,–ասաց Փաշինյանը:


Նա նկատեց՝ Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ: Վարչապետը հավելեց՝ իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ: «Կայսրությունը դրանով նպատակ էր հետպանդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը: 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, որ 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են: Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն:


Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզնում: Այս է պատճառը, ու համոզված եմ, մեր պետության և մեր ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք: Ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել ու մարսել մի քանի առանցքային իրողություն»,–ասաց վարչապետը:Փաշինյանը թվարկեց այդ իրողությունները. իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է:«Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում»,–նշեց նա:


Իրողություն թիվ երկու՝ 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է: «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,–շեշտեց Փաշինյանը:


Ըստ վարչապետի՝ երրորդ իրողությունը հետևայլն է. վերջին 4.5 դարերի պատմությունը, պատմական Հայաստանը հիմնական ուղերձ են հղում՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»:Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը: Ըստ նրա՝ չորրորդ իրողությունը հետևյալն է՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է:


«Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը: Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականություն վարելն ու նրա ստեղծած հնարավորությունները»,–նշեց Փաշինյանը:


 



Leave a Comment