Առանց ուժեղ ՀՀ-ի՝ մնացած ամեն ինչի մասին խոսելը քաղաքական բառիգություն է. Արցախի պատգամավոր

Անկախությունն ինքնին ամենաբարձր արժեքն է՝ լինի անհատական մակարդակում, խմբային, թե պետական. սա իսկապես մեծ տոն է, որովհետև աշխարհում շատ ազգեր կան, և քչերին է տրված անկախություն ունենալու բերկրանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում լրագրողի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, ով նույնպես հրավիրված էր մասնակցելու Հայաստանի առաջ Հանրապետության օրվա տոնակատարություններին։
«Առնվազն երկու անգամ վերջին շրջանում այդպիսի մեծ նվաճում ունեցել ենք։ Արցախը որպես այդպիսին անկախության հետ անմիջական առնչություն ունեցող է, որովհետեւ փաստացի երրորդ հանրապետության սիրտը, Երրորդ հանրապետության փիլիսոփայությունը հենց Արցախով է իմաստալցված։
Միշտ էլ կորուստներ և նվաճումներ եղել են, պետք է սառը դատողությամբ նայենք և անկախությունը դիտարկենք որպես հնարավորություն՝ կորուստները հետ բերելու։  Այն, ինչ եղել է՝ անցյալում է, պետք  է կենտրոնանալ հետագա քայլերի վրա, որպեսզի կորսվածը հնարավորության սահմաններում հետ բերենք։ Իսկ դրա համար առաջնահերթ է ուժեղ Հայաստանի Հանրապետությունը։ Առանց ուժեղ ՀՀ-ի՝ մնացած ամեն ինչի մասին խոսելը մաքսիմում քաղաքական բառիգություն է։ Ուժեղ Հայաստանի Հանրապետություն և հետո՝ մնացածի մասին»,-ասաց նա։

Leave a Comment