
«Ծիծաղելի է, որ այսօրվա քաղաքական ուժը իրեն համարում է անկախության պահապան։ Ես հակառակը կարող եմ ապացուցել, որ իրենք բոլոր առումներով անկախության որսորդներ են, անկախության հետևից են ընկել, մեր երկրին, մեր անկախությանն ամենաշատ վնասը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ իր քաղաքական ուժի հետ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կոսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ թվարկելով մի շարք ձախողումներ և ընդգծելով՝ Նիկոլի քաղաքականության մեջ ինքնության վերացման ծրագիր է՝ բոլոր դաշտերում։
Մանուկյանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ այս իշխանություններն իրար հակասող հայտարարություններ է անում, ինչը լուրջ խնդիր է։ «Չես կարող գտնել մի տեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է․ դու դառնում ես ծիծաղելի սուբյեկտ, միջազգային հարաբերություններում դու խաղացող չես, և սկսում են քեզնով խաղալ։ Այս անսկզբունքայնությունը, ոչ ճշգրիտ, ոչ հստակ արտահայտված դիվանագիտությունը մեր երկրի ողբերգությունն է»,- հավելեց Մանուկյանը։