Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ»
օրաթերթի (Ժողովուրդ
թերթի խմբագրություն ՍՊԸ) և «Oragir.News» (Օրագիր
Մեդիա ՍՊԸ) կայքի և պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները,
ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցում
վճարել։ Сiciv.am-ը պարզեց, որ քաղաքապետը «Oragir.News»-ի դեմ հայց է ներկայացրել 29.11.2024-ին
զետեղված «Տիգրան Ավինյանը նախարարության նախկին շենքը գնել է, որպեսզի բարձրահարկ
կառուցի» վերնագրով հրապարակման համար։ Ըստ
այդ հրապարակման՝ «Թումանյան-Հանրապետություն
փողոցների խաչմերուկում գտնվող առողջապահության նախարարության նախկին շենքը պատրաստվում
են քանդել և բարձրահարկ շենք կառուցել», գնորդն ու կառուցողն էլ իբրև թե Տիգրան Ավինյանն
է։ Հատկանշական է, որ հրապարակման մեջ նշվում է, թե կայքը կապ է հաստատել շենքի լիազորի հետ, սակայն վերջինս հերքել է պտտվող տեղեկությունները։ Հարկ է նկատել, որ Տ.
Ավինյանը ավելի վաղ՝ 2023 թ. ապրիլի 23-ին, ևս մեկ քաղհայց է ներկայացրել սույն կայքի դեմ՝
պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն
պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին, որը դատարանն
ընդունել է վարույթ: Սույն գործով նախնական առաջիկա դատական նիստը նշանակվել է
2025 թվականի հունվարի 14-ին։
«Ժողովուրդ»-ին դատի տալու առիթն էլ 17.12.2024-ին հրապարակված նյութն է, որում
նշվում է, թե իբր Տիգրան Ավինյանը ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ «սպառնալից մեսիջներ
է ուղարկել» ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին, թե՝ «ոչնչացնելու եմ քեզ…»:
Սպառնալիքի պատճառն էլ այն է եղել, որ Դավոյանը իբրև թե հայտարարել է, որ Ավինյանը
«նախկին կաշառակերներին հերթով պաշտոնների է նշանակում…»։
Նշենք, որ նախօրեին
«Ֆակտոր»-ի տաղավարում տեղի ունեցած Տիգրան Ավինյան-Հայկ Մարության բանավեճի ժամանակ
Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ քաղհայց է ներկայացվել նաև ընդդեմ մեկ այլ լրատվամիջոցի՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի
հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» կայքի՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների
անուղղակի շահառու» հրապարակման համար։ Սույն հոդվածում մասնավորապես նշվում է, թե «Ավինյանի
ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը… ինտենսիվ պտղատու այգիների հիմնման
պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու»։
Երևանի քաղաքացիական դատարանը «Oragir.News»-ի և «Սիվիլիթաս»-ի
(ՍիվիլՆեթ կայք) դեմ ներկայացված քաղհայցերը ստացել է դեկտեմբերի 10-ին, իսկ «Ժողովուրդ»-ի դեմ քաղհայցը՝
դեկտեմբերի 18-ին։
Հ. Մ.