
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է Եկատերինբուրգում բնակվող 71-ամյա ընդդիմադիր Զահիրեդին Իբրահիմովին, հաղորդում է RBC-ն՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցին։
Լրատվամիջոցի հաղորդագրության համաձայն՝ Իբրահիմովը տեղափոխվել է ՊԱԾ նախնական կալանքի վայր, որտեղ պահվում են նաև ԼՂՀ նախկին պետական նախարար և բարերար Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որոնք Ադրբեջանում դատվում են կեղծ մեղադրանքներով։
Հրապարակումը չի ներկայացնում հատուկ ծառայության կողմից իրականացված գործողության մանրամասները, սակայն նշում է, որ Զահիրեդին Իբրահիմովը ղեկավարել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեն։ Այս կազմակերպության անունից 2005-ից 2020 թվականներին նա մասնակցել է Երևանում կազմակերպված միջոցառումներին, որտեղ քննադատել է Բաքվին։
Կալանավորվածի փաստաբան Սայարա Ալիևան հաստատել է, որ իր պաշտպանյալը գտնվում է ՊԱԾ նախնական կալանքի կենտրոնում: Նրա խոսքով՝ Իբրահիմովը խոստովանել է իր կապերը Հայաստանի հետ և ցուցմունք է տալիս: