Էդգար Ղազարյանի՝ «ՍԴ-ի գործով» դատական նիստը կշարունակվի նրա տեսանյութերն ուսումնասիրելուց հետո

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի ունեցավ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի «ՍԴ-ի գործով» դատական նիստը։ Հանրային մեղադրողը ներկայացրեց գործի հիմքում առկա ապացույցները։ Դատական նիստը հետաձգվեց անհայտ ժամկետով։

Ղազարյանն Armenia Today-ին հայտնեց, որ գործի հիմքում տարբեր ժամանակներ իր կողմից տարբեր լրատվամիջոցներում արված հայտարարությունների տեսանյութերն են։

«Դրանք ուսումնասիրելուց հետո պետք է համարվի՝ դա արդյոք ապացո՞ւյց է, թե՞ ապացույց չէ։ Ապացուցո՞ւմ է իմ մեղքը, թե՞ ոչ։ Դա դատարանը պետք է գնահատի»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դատական նիստը կնշանակվի կողմերին հարմար ժամանակ։

«Նիստի ժամկետները փաստաբան Ռուբեն Մելիքյանը կհրապարակի ավելի ուշ»,- նշեց նախկին պաշտոնյան։

Փետրվարի 21-ին Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։ Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելք էր սահմանվել։ Վարչական հսկողության ձևաչափը որոշելու վերաբերյալ փետրվարի 22-ին դատական նիստ էր հրավիրվել։

Փետրվարի 14-ին դատարանը Ղազարյանին պարտավորեցրել էր 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ԱԺ նախագահին և ներողություն խնդրել նրանից։ Սիմոնյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջներ էր ներկայացրել դատարան։ Իր հերթին, Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում վճիռը կբողոքարկի։

Leave a Comment