ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում հրադադարի հասնելու ձախողված փորձից հետո այս շաբաթ հնարավոր է՝ նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 26-ին, հայտնել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով Թրամփի շրջապատի աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը գնալով ավելի է հիասթափվում բանակցային գործընթացի դանդաղ ընթացքի պատճառով։
Նոր սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, չեն ներառի Ռուսաստանի բանկային հատվածի դեմ ուղղված միջոցներ, նշել է WSJ-ի զրուցակիցներից մեկը։ Միևնույն ժամանակ, քննարկվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու այլ տարբերակներ, որպեսզի նրան ստիպեն զիջումների գնալ բանակցային սեղանի շուրջ, այդ թվում՝ համաձայնել Ուկրաինայի իշխանությունների առաջարկած 30-օրյա հրադադարի առաջարկին։
Սակայն, ինչպես գրում է պարբերականը, այս հարցով վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Թրամփը կարող է հրաժարվել նոր պատժամիջոցներ սահմանելուց։
ԱՄՆ նախագահը մայիսի 26-ին քննադատել էր իր ռուս պաշտոնակցին՝ հայտարարելով, թե Պուտինը «խելքը գցել է»: Կրեմլն արձագանքել էր ԱՄՆ նախագահի դժգոհություններին։ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ մեծ ջանքեր է գործադրել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ սկսելու համար, ինչը ենթադրում է «էմոցիոնալ գերբեռնվածություն»։
