ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

«Հետք»․ Մայիսի 12-ին Սնանկության դատարանը հաստատել է «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) պարտատերերի վերջնական ցուցակը:
Հիշեցնենք, որ ավիափոխադրողը սնանկ է ճանաչվել այս տարվա հունվարի 27-ին իռլանդական Impact Aviation Services Limited-ի դիմումի հիման վրա: Վերջինս «Ֆլայ Արնային» վարձակալությամբ օդանավեր հանձնած ընկերությունն է: Միաժամանակ այն ամբողջությամբ պատկանում է արաբական Air Arabia-ին, այսինքն՝ դրա դուստր ընկերությունն է:
Հարցն այն է, որ «Ֆլայ Արնայի» 49 տոկոսն էլ պատկանում է Air Arabia-ի մեկ այլ դուստր ձեռնարկության՝ արաբական International Business Company (FZE)-ին, եւս 49 տոկոս պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), իսկ մնացած 2 տոկոսի տերը լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանն է: Մյուս կողմից՝ «Ֆլայ Արնան» կառավարող ընկերությունը եղել է հենց Air Arabia-ն: Այսինքն՝ վերջինս իր իռլանդական դստեր միջոցով սնանկության է տարել «Ֆլայ Արնային», որի կառավարիչը հենց ինքն էր, սակայն կառավարման հարցերի շուրջ 2023-ի աշնանից հակասության մեջ էր հայկական կողմի (ԱՆԻՖ/ՀՀ կառավարություն) հետ:
Հունվարի 27-ին կայացված սնանկության վճռից առաջ եւ հետո «Ֆլայ Արնայից» որեւէ արձագանք այդպես էլ չի եղել, այդ թվում՝ ընկերությունը չի բողոքարկել իր սնանկությունը: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ընկերությունը 2024-ի գարնանից չուներ կառավարիչ. մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ էին ստացել այն մասին, որ մայիսին պայմանագրերը լուծվելու են, իսկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը, որը Air Arabia-ի ներկայացուցիչն էր, ապրիլի վերջին հեռացել էր Հայաստանից, այլ կերպ ասած՝ արաբական կողմը հրաժարվել էր ավիափոխադրողի կառավարումից, եւ հայկական ու արաբական բաժնետերերն այդպես էլ համաձայնության չեկան նոր տնօրեն նշանակելու հարցում:
Այսպիսով՝ 2025 թ. փետրվարի 10-ից պարտատերերն սկսել են ներկայացնել իրենց պահանջները: Մարտի 14-ին սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանը դատարան է ներկայացրել պահանջների նախնական ցուցակը, որը հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։