Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Երեւանում մայիսի 26-ին մեկնարկած «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին Երեւանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ համաժողովն արդյունավետ հարթակ է քննարկելու առկա մարտահրավերներին դիմակայելուն վերաբերող բազմաթիվ հարցեր: Նա կարեւորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն ակտիվացնելու առաջնահերթությունը:

Գժեգոժ Շչետինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու հարցում:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լեհական միջխորհրդարանական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացին:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության ու երկարատեւ խաղաղության հաստատման հարցերին:

Leave a Comment