«Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Անվտանգային մարտահրավերների կառավարումը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ներառական համագործակցության միջոցով» խորագրով պանելային քննարկումը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին և Թուրքիայի «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության ծրագրի ղեկավար Նիգար Գյոքսելը։
Պանելային քննարկման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին.
«Մենք սկսել ենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով և հանրայնորեն հայտարարելով, թե՛ մենք, թե՛ մեր թուրք գործընկերները, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի: Այժմ ես ցանկանում եմ ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել:
(…) Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է: Թեև իմ անձնական վերաբերմունքն ու գնահատականն այն է, որ եթե մեզ հաջողվի բեկում ապահովել Թուրքիայի հետ, ապա այդ բեկումը, անկասկած, հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել է նախարարը: