ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ մինչև 2026թ. ընտրությունները «կծնվեն» Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարելի շատ «փրկիչներ», բայց ըստ նրա՝ հանրությունն իրավունք չունի սխալվելու և «պարկի միջի սև կատու ընտրելու»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ մեծ ցավով է հետևում սոցիալական ցանցերում ընդդիմադիր դաշտի հակամարտությանը. «Կարծես չեն դադարել մերժել Սերժին, ինչն ինձ համար անհասկանալի է: Մինչև 2026-ի ընտրությունները ժամանակը ծախսել այդ խոսակցությունների վրա ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին: Պետք է սթափվել: Ես չեմ ուզում տեսնել 2021թ. ընտրությունների կրկնությունը, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններով կարող է կրել, բայց գնալ՝ չկրել, զբաղեցնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության տեղը: Դա չէր նպատակը:
2021-ին, երբ ամեն ինչ շատ թարմ էր, գնալ, զբաղեցնել երկրորդ տեղը, հետո ասել՝ ժողովուրդը չընտրեց, ես ի՞նչ անեի… Ես չեմ ուզում 2026թ. նույնը տեսնել: Հիմա էլ ավելի վատ է իրավիճակը, քան 2021թ. էր: Մինչև 2026թ. պետք է օգտագործել ցանկացած միջոց, եթե անգամ դա ձեզ թվում է անլուրջ: Դուք օգտագործեք, թող անլուրջ լինի:
Կատարեք այն, ինչի համար տրված են այդ մանդատները, որովհետև երբ հասարակության կողմից հարց է հնչում՝ ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, միշտ գալիս է այդ պատճառաբանությունը, որ՝ իքս պահի պետք են լինելու այդ մանդատները, որովհետև լուծումը քաղաքական է: Դե, ուրեմն արդարացրեք այդ մանդատները: Եթե Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ՝ 2026-ի ընտրություններին են գնում, որ փոխեն իշխանությունը, էլ այս մանդատներն ինչի՞ համար էին պետք, ի՞նչ արեցին այս մանդատները»:

Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ՝ իշխանությունները մի շատ խորամանկ քայլի են գնացել. «Խոսքը Փարաքարի և Գյումրիի ընտրությունների մասին է, երբ ՔՊ-ն պարտվեց, բայց կեղծիքների մասշտաբները, որոնց դիմեց ՔՊ-ն Գյումրիում, որևէ դժվարություն չկար Սարիկ Մինասյանին պակասող այդ մի քանի ձայնը ապահովելու:
Այստեղ իշխանությունը ուղերձ հղեց դաշտին, որ՝ տեսեք, ինձ կարելի է հաղթել ընտրություններով: Հիմք է ստեղծվում ընդդիմությանը քաշելու ընտրական գործընթացի մեջ, այսինքն՝ եթե ես Գյումրիում և Փարաքարում պարտվեցի, կարող է համապետականին էլ պարտվեմ, բայց վստահաբար այլ է լինելու համապետականի պարագայում:

Ինչպես տեսնում եք՝ սա կյանքի և մահու կռիվ է, և Նիկոլ Փաշինյանը մենակ չի լինելու իր պայքարում, նրա մեջքին լինելու են Սերժ Սարգսյանի ասած այն մեծ ուժերը, որոնք նրան բերեցին իշխանության և նրանից դեռ մինչև վերջ չեն ստացել այն, ինչի համար նա եկել է իշխանության: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը կենաց-մահու կռիվ է տալու:
Դրա մասին խոսում են թե՛ իր ջղաձիգ պահվածքը, թե՛ իր կնոջ կողմից անադեկվատ արտահայտումները, իսկ ըստ իս՝ մարդկանց հետ շփվելու տակտիկայի փոփոխություն է տեղի ունենում: Նրանք կատաղի պայքարի են պատրաստվում 2026-ի ընտրություններին, և ընտրական գործընթացն իրենց փրկօղակն է: Չի կարելի մտնել հակառակորդի դաշտ՝ խաղը տանելու, որովհետև այդ խաղի կանոններն իրենք են գծում, դու պարտվելու ես, իրենք ամեն վայրկյան այդ խաղի կանոնները կարող են փոխել: Ընդդիմությունը պետք է իր խաղն ունենա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում