Վնուկովո օդանավակայանում ուղևորից 12 հազվագյուտ արծաթե մետաղադրամ և անհետացած տրիլոբիտի քարացուկ է առգրավվել

Վնուկովո օդանավակայանի մաքսային աշխատակիցները Լոս Անջելեսից ժամանած ուղևորի մոտ հայտնաբերել են 12 արծաթե մետաղադրամ և տրիլոբիտ (trilobita)։ Հետաքննություն է անցկացվում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությանը։
«Վնուկովոյի մաքսային ծառայության աշխատակիցները Լոս Անջելեսից ժամանած ռուսաստանցու մոտ արծաթե մետաղադրամներ և տրիլոբիտ են հայտնաբերել։ Տեսուչները տղամարդուն կանգնեցրել են «կանաչ» միջանցքում՝ պատահական ստուգման ժամանակ։ Նրա ճամպրուկում, ռենտգենի միջոցով, հայտնաբերել են քարանման առարկա և 12 արծաթագույն մետաղադրամ», -ասված է հայտարարության մեջ։
Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ ուղևորը բացատրել է, որ փորձում էր իր անձնական հավաքածուի համար իրեր ներմուծել և չգիտեր դրանք հայտարարագրելու անհրաժեշտության մասին։
Փորձաքննությունը պարզել է, որ 1878-1921 թվականների 1 ԱՄՆ դոլար արժողությամբ մետաղադրամները պատրաստված են արծաթի հիմքով համաձուլվածքից և մշակութային արժեք ունեն։ Դրանցից բոլորը հավաստագրված են և հոլոգրաֆիկ անվտանգության նշան ունեն։ Քարացուկը, ինչպես պարզվել է, մոտ 488-542 միլիոն տարի առաջ ապրած պալեոզոյան դարաշրջանի տրիլոբիտ է։
Այժմ բոլոր իրերն առգրավված են, հետաքննություն է անցկացվում։

Leave a Comment