Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներ ունի․ Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվեց

Հասարակություն

26.05.2025 | 17:52

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, այսօր նշանակված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով դատական նիստ։ Օհանյանն ու պաշտպանը, սակայն, նիստին չէին ներկայացել։ Դատարան գրություն էր ստացվել այն մասին, որ Օհանյանն առողջական խնդիրներ ունի և այս պահին ստացիոնար բուժում է ստանում։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 17-ին։

Մինչև նիստը հետաձգելը դատավորն անդրադարձավ Արմեն Գևորգյանին Հայաստանից գործուղման նպատակով դուրս գալու հարցին և թույլատրեց մայիսին և հունիսին մի քանի օրով բացակայել Հայաստանի Հանրապետությունից։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Leave a Comment