ՍԴ-ի՝ խաղաղության պայմանագիրը չընդունելու դեպքում Փաշինյանը Սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի՝ ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի, նա այդ մասին հայտարարել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովում (հեռարձակումը՝ Armenia Todayուղիղ միացմամբ

«Խաղաղության պայմանագրի՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում սահմանադրական փոփոխություններով ժողովրդին կհամոզենք, որ այդ փոփոխությունն իրականացվի տևական և կայուն խաղաղության համար»,- նշել է նա։

Փաշինյանի համոզմամբ՝ «չպետք է բաց թողնել» խաղաղության պայմանագիրը։ Նա հավաստիացրել է, որ խորհրդարանում այն վավերացնելուց և ՀՀ նախագահի կողմից այն ստորագրելուց հետո պայմանագիրը կունենա ամենաբարձր իրավական ուժը Հայաստանում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ փաստաթուղթը կփարատի Ադրբեջանի բոլոր մտահոգությունները:

«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի Ադրբեջանի այդ բոլոր մտահոգությունները փարատելու համար, և դա մեր գլխավոր մեսիջն է»,- ընդգծել է Փաշինյանը:

Մինույն ժամանակ՝ վարչապետը հերթական անգամ մատնանշել է Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջների առկայության մասին՝ պարզաբանելով, որ Երևանն առանձին չի բարձրացրել այդ հարցը, քանի որ գտել է, որ «խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի»:

Հայաստանը, ըստ վարչապետի, Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով: Փաշինյանը հստակեցրել է, որ Հայաստանի համար ընդունելի է Մինսկի խմբի լուծարման օրակարգը։

«Մեր քաղաքական թիմը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն ունենալու համար։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածքից»,- ասել է նա:

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։

«Ադրբեջանը վերջին տարիներին սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 60%-ն «Արևմտյան Ադրբեջան» անվանել։ ՀՀ ինքնիշխան տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել, բացառում ենք նման քննարկումը»,- շեշտել է նա։

Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան մայիսի 21-ին անվանել էր տարածաշրջանում խաղաղության պայման։ Նա ընդգծել էր, որ այդ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի կայանա: Բացի այդ, նա անվտանգության երաշխիքներ էր պահանջել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար։

Կարդացեք նաև՝ 

«ՀՀ ղեկավարության որոշումն է», «Ադրբեջանի պահանջն է». հարցում՝ Սահմանադրության hանրաքվեի մասին

Leave a Comment