
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Զինծառայությունից փողով ազատվելու վերաբերյալ աղմկահարույց օրենքի վերաբերյալ քննարկումներում արժեքային շեշտադրումն արվում է այն ուղղությամբ, որ բարոյական չէ լեգիտիմացնել ապօրինությունը, նաև սահմանել բանակից ազատվելու «սոցիալական հիմք»:
Սրանք իհարկե կարևոր քննարկումներ են:
Բայց, այստեղ հարցը միայն բանակը չէ: Կրկնեմ, իհարկե բանակի ասպեկտը չափազանց կարևոր ու առանցքային է, սակայն հարցի արժեհամակարգային կողմն ու կարևոր այլ շերտ ևս:
Ընդհանրապես, հակասոցիալական, հակահանրային է, երբ պետականորեն սահմանվում է սոցիալական խտրականություն, երբ հարուստ լինելը պետական մակարդակով ընձեռում է հնարավորություն: Այս օրենքը ստեղծում է արժեհամակարգային վտանգավոր նախադեպ բոլոր առումներով, ոչ միայն բանակի:
Աննթույլատրելի է այդպիսի նախադեպի ստեղծումը, քանի որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը՝ խախտվում է փողի հիմքով: Վաղը կարող է կայացվել որոշում, որ հարուստներն, օրինակ, կարող են այս երկրում ունենալ այլ արտոնություններ: Չկասկածեք, որ մի հնչեղ և «ռեֆորմիստական»» ձևակերպում կգտնվի, և կգտնվի սազանդարների մի շոշափելի բանակ, որ «կհիմնավորի» այդ կարևորագույն «ռեֆորմի» անհրաժեշտությունը:
Ընդ որում, նկատեմ նաև, որ ըստ իս՝ տեղին չէ նաև համեմատությունն օրինակ «հասարակաց տները» օրինականացնելու հետ: Այդտեղ ևս կա իհարկե արժեհամակարգային կամ բարոյական նորմերի խնդիր, բայց սկզբունքային իմաստով այդ խնդիրը գտնվում է այլ հարթության մեջ՝ մեկը կարող է այս կերպ վերաբերել այդ երևույթին, մյուսը՝ այլ կերպ, բայց այդտեղ չկա պետականորեն անիրավահավասարության սահմանում՝ հարուստներին փողի հիմքով տրվող արտոնության սահմանում:
Հետևաբար, այս օրինակները համեմատելի չեն: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն: