Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող նոր նախագիծ. Հայկ Կոստանյան


Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստի ժամանակ կառաջարկվեն տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող որոշ փոփոխություններ:


 


«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։


 


Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։


 


Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:


 


Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։


 


Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:


 


Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։


 


Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:


 


Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:


 


Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:


 


Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:


 


Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»,- գրել է նա։


 

Source link

Leave a Comment