Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում ԱՄՆ-ին պատասխանատու և մասնակից կհամարի

ԱՄՆ-ն իրավական պատասխանատվություն կկրի Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու մասին CNN-ի հաղորդումից հետո, գրում է Reuters-ը։

Իրանը և Իսրայելի ամենամոտ դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, ուրբաթ Հռոմում կանցկացնեն միջուկային բանակցությունների հինգերորդ փուլը՝ Թեհրանի կողմից ուրանի հարստացման շուրջ խորը տարաձայնությունների ֆոնին, որը, ըստ Վաշինգտոնի, կարող է հանգեցնել միջուկային ռումբերի մշակման։ Իրանը հերքում է նման մտադրությունները։

«Իրանը խստորեն զգուշացնում է Իսրայելի սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած արկածախնդրության դեմ և վճռականորեն կարձագանքի այս ռեժիմի ցանկացած սպառնալիքի կամ անօրինական գործողության»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված Արաղչիի  նամակում։

Նա նշել է, որ Իրանը Վաշինգտոնին կդիտարկի որպես նման ցանկացած հարձակման «մասնակից», և Թեհրանը ստիպված կլինի «հատուկ միջոցներ» ձեռնարկել իր միջուկային օբյեկտներն ու նյութերը պաշտպանելու համար, եթե սպառնալիքները շարունակվեն, և վերահսկող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հետագայում կտեղեկացվի նման քայլերի մասին։

Չնայած Արաղչին չի նշել, թե ինչ միջոցառումներ են քննարկվում, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականն ապրիլին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ կամ տեղափոխել հարստացված նյութերն անվտանգ և չբացահայտված վայրեր։

Առանձին հայտարարության մեջ էլ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ Իսրայելը կստանա «ավերիչ և վճռական պատասխան», եթե հարձակվի Իրանի վրա։

«Նրանք փորձում են մեզ վախեցնել պատերազմով, բայց սխալ են հաշվարկում, քանի որ չգիտեն այն հզոր ժողովրդական և ռազմական աջակցության մասին, որն Իսլամական Հանրապետությունը կարող է հավաքել պատերազմական պայմաններում»,- ասել է խոսնակ Ալիմոհամմադ Նաինին։

Դիվանագետների կարծիքով՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումը կամ նոր միջուկային համաձայնագիրը, որը չի մեղմացնի Իսրայելի մտահոգություններն ուրանի հարստացման միջոցով Իրանի կողմից միջուկային զենքի մշակման վերաբերյալ, կարող է դրդել Իսրայելին հարվածներ հասցնել իր տարածաշրջանային հակառակորդին։

Հիշեցնենք, որ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment