
Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ հանուն պատանդների ազատ արձակման։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Անկասկած, մոտ 20 պատանդ ողջ է մնացել… Եթե կա ժամանակավոր հրադադարի հնարավորություն, մենք պատրաստ ենք դրան»,- Sky News-ի փոխանցմամբ՝ ասել է Նեթանյահուն։
Վարչապետը հավելել է, որ Իսրայելը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը Գազայում, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն, անկլավն ամբողջությամբ ապառազմականացվի, և ՀԱՄԱՍ-ը լքի Գազայի հատվածը։ «Գեդեոնի կառքերը» գործողության ավարտից հետո Իսրայելը կվերահսկի ամբողջ Գազան, ընդգծել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Իսրայելը Գազայի հատվածում «Գեդեոնի կառքերը» անվանմամբ ռազմագործողություն էր սկսել, որի նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն ու բոլոր պատաննդների ազատ արձակումն է։