Պեղումների ժամանակ հնագետներին օգնող թոշակառու զույգը հաղթանակի աստվածուհու 2000-ամյա քանդակ է հայտնաբերել

Հադրիանոսի պատի մոտ պաշտոնական պեղումների ժամանակ հնագետներին օգնող կամավորները հայտնաբերել են հաղթանակի թևավոր աստվածուհու տպավորիչ հռոմեական պատկեր, հաղորդում է The Guardian-ը։
Քարե բարձրաքանդակը հայտնաբերել է Մերսիսայդ դքսության բնակիչ մի զույգ անգլիական Նորթումբերլենդ կոմսության Հեքսհեմ քաղաքի մոտ՝ Վինդոլանդայի հնագույն ռազմական ճամբարի պեղումնավայրում։ 
69-ամյա Դիլիս Քուինլանն աշխատել է առողջապահության ոլորտում, իսկ նրա 68-ամյա ամուսինը՝ Ջիմը, Լիվերպուլի քաղաքային խորհրդում ինժեներ է եղել։ Նրանք Լիվերպուլին մերձակա իրենց տնից պարբերաբար ճանապարհվել են պեղումների վայր՝ հնագետներին օգնելու համար և այս սեզոնում նշում են Վինդոլանդայում կամավոր աշխատելու 21 տարին:
Ի զարմանս իրենց, նրանք քարե բարձրաքանդակը նկատել են պեղումնավայրում հետևակային զորանոցի վերևի փլատակները մաքրելիս։
Նյուքասլի համալսարանի սահմանային հնագիտության պրոֆեսոր Ռոբ Քոլինզը նշել է, որ թոշակառուները հայտնաբերել են հին հռոմեական հաղթանակի աստվածուհի Վիկտորիայի արձանիկը, որին մեծարում էին պատերազմների ժամանակ և հաճախ նրան վերագրում մարտադաշտում հաջողությունները:
Պեղումների ղեկավար դոկտոր Էնդրյու Բըրլին պատմել է, որ Վինդոլանդայի այս զորանոցները կառուցվել են Բրիտանիայում հռոմեացիների համար անհանգիստ ժամանակաշրջանի վերջում՝ մոտ 213 թվականին, Սևերյան պատերազմներից անմիջապես հետո։ Ենթադրվում է, որ 47 սմ բարձրությամբ քանդակը խորհրդանշել է պատերազմների ավարտը և շատ ավելի մեծ բարձրաքանդակի մաս է կազմել։ Զորանոցը մի ժամանակ զարդարված է եղել մեծ դեկորատիվ կամարով և դարպասով։
«Գեղեցիկ փորագրված արձանը վառ կերպով հիշեցնում է մեզ, որ հռոմեական ամրոցները միայն օգտակար կառույցներ չէին։ Դրանք վեհություն ունեին, և, իհարկե, խորհրդանիշները գրեթե 2000 տարի առաջ այստեղի զինվորների մշակույթի կարևոր մաս էին կազմում»,- ընդգծել է դոկտոր Բըրլին։
Վիկտորիա աստվածուհու քարե բարձրաքանդակը հանրային ցուցադրության կդրվի 2026 թվականի սկզբին Վինդոլանդայի թանգարանում՝ վերջին հայտնագործություններին նվիրված ցուցահանդեսի շրջանակում։
Վինդոլանդա բարեգործական հիմնադրամը պեղումներին մասնակցելու համար կամավորներ է ընդունում իր հիմնադրումից՝ 1970 թվականից ի վեր։
Բըրլիի հայրը՝ հնագետ Ռոբինը, գլխավորել է 1973 թվականին Վինդոլանդայի հուշատախտակները հայտնաբերած թիմը։ Փայտե հուշատախտակները առաջին ձեռքից ստացված տեղեկություններ են պարունակում այդ վայրում 2000 տարի առաջ ապրած մարդկանց մասին։

Leave a Comment