ԱՄՆ-ը Թուրքիայում իր դեսպանին Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ կնշանակի

Քաղաքականություն

21.05.2025 | 23:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկարամյա խորհրդական, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին կնշանակի Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ։ Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ անձըը և Թուրքիայում դիվանագետը, գրում է Turkish Minute-ը։

Որոշումը կայացվել է Թրամփի կողմից անցյալ շաբաթ արված կարևոր հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը կչեղարկի Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այն նաև ենթադրում է, որ ԱՄՆ-ը ճանաչում է, որ Թուրքիան ձեռք է բերել կարևոր տարածաշրջանային ազդեցություն Դամասկոսի վրա այն բանից հետո, երբ ապստամբները տապալեցին Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։

Թրամփը մայիսի 14-ին Սաուդյան Արաբիայում հանդիպել էր Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ և կոչ արել կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ։

«Այս պահին որևէ հայտարարություն չի եղել»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը՝ մեկնաբանելով Բարաքի Սիրիայում ունեցած դերի վերաբերյալ հարցը։

Աղբյուրների խոսքով՝ Բարաքը, որը մասնավոր կապիտալի գծով գործադիր տնօրեն է, երկար ժամանակ եղել է Թրամփի խորհրդական և գլխավորել է նրա 2016 թվականի նախագահի երդմնակալության հանձնաժողովը, կշարունակի պաշտոնավարել որպես ԱՄՆ դեսպան Թուրքիայում։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ինքը թույլ է տվել Թուրքիայում դեսպանատան պաշտոնյաներին, այդ թվում՝ Բարաքին, համագործակցել Սիրիայում պաշտոնյաների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի օգնություն է նրանց անհրաժեշտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment